Մեր պատմությունը
M.A.M կրթական հիմնադրամը M.A.M կրթական շարժման նախագիծն է, որը ծնունդ է առել այն գիտակցումից, որ արտերկրի հայկական համայնքների որոշակի հատվածին անհրաժեշտ են հրատապ և արդյունավետ քայլեր՝ հայոց լեզվի և հայկական ինքնության պահպանման համար:
Տնտեսական, քաղաքական և այլ գործոններ այս համայնքներում ապրող մեծ թվով հայերի առաջնահերթություններից դուրս են մղել մայրենի լեզվի ուսուցումը՝ անխուսափելիորեն հանգեցնելով Սփյուռքում հայոց լեզվի տարրալուծմանը. Հայաստանից հեռու մեծացող ապագա սերունդները կանգնած են իրենց արմատներից կտրվելու իրական վտանգի առջև։
M.A.M կրթական հիմնադրամը ստանձնել է հայոց լեզվի, պատմության և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը միտված մշակութային-կրթական նախաձեռնությունների իրագործման նպատակով միջոցներ հայթայթելու առաքելությունը, որի միջոցով ձգտում ենք խթանել Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների և մասնավորապես երիտասարդ սերնդի շրջանում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը:
Բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր մեզ հետ միասին ունեն միևնույն ձգտումը՝ արթուն պահել հայի ինքնությունը աշխարհի ցանկացած անկյունում, մենք կոչ ենք անում համախմբել ջանքերը և M.A.M կրթական հիմնադրամի միջոցով իրագործել մեր առաջին նախաձեռնությունը, որի կարգախոսն է՝ «+1000 հայախոս երեխա Սփյուռքում»:
Միացե´ք մեզ այսօր, որովհետև ապագայի համար պետք է հոգ տանել հիմա: